SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 24 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Opinion - Վահագն Մելիքյան
Ինչու՞…
23 de Febrero de 2022

Մենք հաճախ չենք գիտակցում պահի լրջությունը, շատ ավելի հաճախ տրվում ենք ածանցյալների վրա սևեռված
գերուշադրության՝ մոռանալով կարևորի ու առաջնահերթության մասին։ Ես միշտ փորձել եմ ինձ հարց տալ, թե ինչու՞ ենք այդքան դժվարությամբ երկնում հերոսներ ու առաջնորդներ և առավել հեշտությամբ կորցնում նրանց։ Ինչու՞ անցած դարում ցեղասպանված, սովից լլկված, թվում էր թե իր վերջնական դատավճռին համաձայն մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ գտնել այդ գերբնական ուժը և ընդամենը 3 տարի անց կանգնեց Սարդարապատում ու կերտեց Հայոց անկախ պետականությունը, ընդամենը 30 տարի անց Բեռլինի պատերի տակ հաղթանակի խրոխտ քոչարի պարեց, և ընդամենը 75 տարի անց վերանվաճեց իր ազատությունն ու անկախությունը, բայց 21-րդ դարում, որ իրենն էր լինելու, և դրա համար ստեղծված էին բոլոր, կրկնում եմ, բոլոր նախադրյալները, այդքան ապաշնորհ ձևով կորցրեց իր իսկ զավակների ձեռքով կերտած հաղթանակը։

Ինչու՞ ամբողջ աշխարհը փոքրից դարձավ մեծ, իսկ մենք՝ մեծից փոքր։ Ինչու՞ չարությունն ու նախանձը մեզ ներսից
կերան։ Ինչու՞ ամբարտավանությունն ու ստորությունն ամենաճակատագրական պահերին կարողացան հաղթանակել։

Ինչու՞ արդեն դարեր շարունակ մենք դավաճանում ենք ինքներս մեզ ու հեռանում մեր իսկ հռչակած արժեքներից ու
արժեհամակարգից, մեր ինքնությունից, ինքներս մեզանից, որպեսզի հետո գերմարդկային ջանքեր գործադրենք մեր իսկ կորցրածը վերադարձնելու համար։ Ինչու՞ մենք անդադար չենք կարողանում դուրս գալ այն արատավոր
շրջապտույտից, որտեղ հայտնվել ենք մեր կարճատեսության, անտրամաբանական քայլերի, ավելորդ քթացցության,
մեծամտության, անգրագիտության, չհիմնավորված ամենագիտության, օտարամոլության, որևէ կերպ չարդարացված խոնարհության, ստրկամտության և նման այլ արգահատելի մոտեցումների արդյունքում։

Ինչու՞ այսքան ներամփոփվեցինք, պարփակվեցինք ու դարձանք ստամոքսապաշտ։ Ինչու՞ ենք մշտապես սպասողական ու այդքան սպառողական։ Ինչու՞ պատմական տարբեր ժամանակաշրջաններում չկարողացանք ու էլի չենք կարողանում պահել ու պահպանել մեր արյունով ու քրտինքով, զրկանքների ու սարսափելի տառապանքների գնով նվաճածն ու ձեռքբերվածը։ Ինչու-ների այս շարքը թերևս կարելի է շարունակել…

Կարծում եմ պատասխանը շատ պարզ է։ Այո, մենք մշտապես չենք գիտակցել պահի լրջությունը և դրան վերաբերվել
ենք ի միջի այլոց, մատների արանքով, առանց հասկանալու, որ շատ դեպքերում զոհասեղանին ենք հայտնվել հենց այդ պատճառով։

Դժբախտաբար, այդ ամենի ականատեսն ենք նաև այսօր։ Դարերով պետականազուրկի կարգավիճակը մեզ
դարձրել է բարդույթավորված, նեղ անձնականի վրա գերկենտրոնացած, առաջնայինը երկրորդականից չզանազանող։

Իսկ եղկելի սխալները շարունակում են իրենց հաղթարշավը և մեզ մոտեցնում հերթական կորուստների, հերթական
հուսահատության, հերթական հիասթափության, որ հետո շատ տարիներ, գուցեև դարեր անց, երբ մենք դառնանք
հեռավոր սերունդների նախնիները, մեզ դատապարտեն, որ մենք այդպես էլ չհասկացանք պահի լրջությունը,
չգիտակցեցինք, որ հենց դրա արդյունքում նորից հայտնվեցինք կորցնողի դիրքերում։

Ինձ համար անընդունելի է,”Մենք դասեր չենք քաղում մեր սխալներից” չարչրկված ձևակերպումը։

Սխալներից դասեր չեն քաղում, սխալները պարզապես չեն անում։ Իսկ դասեր պետք է քաղել չարվածից, կիսատ-պռատ արվածից, մեր մակերեսային ու անհեռանկար մոտեցումներից։

Այս օրերին հաճախ կարող ես լսել “Հոգնել եմ, զզվել եմ, ուշադրություն չեմ դարձնում, չեմ հետաքրքրվում, չի
հետաքրքրում, պատրաստվում ենք մեկնել երկրից, ես ի՞նչ կարող եմ անել, բա էրեխե՞քս” և նմանատիպ, համենայն
դեպս ինձ համար, ուղեղի մեջ ոչ մի կերպ չտեղավորվող հոռետես արտահայտություններ։

Մենք, թերևս ամենաքաղաքականացված ազգերից ենք, բայց ցավալիորեն այդքան հեռու ենք քաղաքականությունից, որովհետև այդպես էլ չենք կարողանում ճիշտ գնահատել պահի լրջությունը, որովհետև չենք կարողանում մեզ համար հստակ որոշել մեր կարմիր գծերը, որովհետև մասնակից լինելու և ունկնդրի միջև մեծավ մասամբ ընտրում ենք վերջինը, որովհետև չենք հավատում մեր ուժերին և փրկիչների մասով անդադար փնտրտուքի մեջ ենք, որովհետև չենք ընդունում ինքնախոստովանությունը, որովհետև անընդհատ վախեր ունենք մեր իսկ վախերից։

Բայց ամպագորգոռ կոչերի, մեղադրականների և հոխորտանքների պակաս մեր օրերում կարծես թե չի զգացվում։ Այս պարադոքսալ իրականության մեջ, երբ կենսական անհրաժեշտություն է առաջացել մաթեմատիկական ճշգրտությամբ գնահատել պահի լրջությունը, սթափվելու և արդեն անբացատրելի դարձած խորը թմբիրից դուրս գալու ժամանակն է։

Բեկում է անհրաժեշտ, ավելի քան երբևէ, մեր իսկական, ոչ արհեստական Էությանը վերադարձով, Միացումի
անհաղթահարելի գաղափարով վերազինված։ Բեկում է անհրաժեշտ, որ կարողանանք շիտակ նայել մեր զավակների
աչքերի մեջ, որ չվերածվենք ամորֆ, անտարբեր, հուսահատ և դատարկ զանգվածի։ Բեկում է անհրաժեշտ, որ ինքներս մեզ հավատանք ու արժևորենք, ես-ը Մենք-ի վերածենք, և վերջապես, գնահատելով պահի լրջությունը՝ կարողանանք արժանապատվորեն վերականգնել մեր կորցրածը, վերաձևակերպել մեր նպատակներն ու խնդիրները՝ վերանվաճելու համար մեր վստահելի տեղը աշխարհում։

Más leídas