SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Domingo 26 de Septiembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ «Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – Մենք Չենք Ընդունում Այդ Բաժանարար Գիծը՝ Հներ Եւ Նորեր․
10 de Mayo de 2021

Մեզ Համար Բաժանարար Գիծ Է Ապազգայինը, Դավաճանութիւնը․ Արա Զոհրապեան

Օրեր առաջ տեղի ունեցաւ «Զարթօնք» ազգային-քրիստոնէական կուսակցութեան հիմնադիր համագումարը, որն իր շուրջն է համախմբել ինչպէս Հայաստանի այնպէս էլ Սփիւռքի գործիչներին։ Կուսակցութեան կարգախօսն է՝ «Արթնացի՛ր, արթնացրու՛»։ Կուսակցութեան նախագահը՝ Արա Զոհրապեանը։ Նպատակը փրկել երկիրը կործանումից ու դրա ճանապարհով տանող իշխանութիւնից։ «Զարթօնք» օրաթերթը կուսակցութեան ստեղծման, նպատակների, անելիքների, քաղաքական դաշտում դերակատարման, հասարակութեանը խորը քնից արթնացնելու ուղիների եւ այլ հարցերի շուրջ զրուցեց նախագահ Արա Զոհրապեանի հետ։ 

zartonk partido 3

 Պարոն Զոհրապեան, նախ կը խնդրեմ խօսել Զարթօնք ազգային-քրիստոնէական կուսակցութեան ստեղծման մասին։ Ինչպէ՞ս այն ստեղծուեց, ո՞րն է առաքելութիւնը, նպատակները եւ անելիքները։

- Շնորհակալ եմ հարցի համար։ Զարթօնք Ազգային-Քրիստոնէական կուսակցութիւնը ստեղծուեց հաշուի առնելով երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Ինչպէս բոլորս գիտենք, պատերազմը մեծ հետք թողեց մեր ժողովրդի վրայ։ Մենք հասկացանք, որ միայն քաղաքական լծակների միջոցով կարելի է ծրագրեր իրականացնել։ Նախկինում ես եւ իմ գաղափարակիցները մտածում էինք, որ կարող ենք հասարակական գործունէութեամբ հասնել ազգային արժէքների պահպանութեանը ու դրա համար չարժէ քաղաքական լծակներ ունենալ։ Բայց պատերազմը ցոյց տուեց, որ ցանկացած լաւ գաղափար կարող է քանդուել պետական իշխանութիւն բանեցնողի կողմից։ Սա էր պատճառը, որ որոշեցինք ազգապահպան այդ առաքելութիւնը վերցնել մեզ վրայ։

 

Իհարկէ, առաջին հայեացքից Զարթօնքի առաքելութիւնը բաւական լաւն է երեւում, սակայն ինչքանո՞վ էք հնարաւոր համարում այդ բարձր գաղափարների իրականացումը այսօրուայ Հայաստանում։ Եւ վերջապէս, Հայաստանում հարիւրաւոր կուսակցութիւններ են ստեղծւում։ Ինչո՞վ է տարբերուելու Ձեր կուսակցութիւնը։ Ինչպէ՞ս էք մարդկանց համոզելու, որ այդ առաքելութիւնը հենց դուք էք կարողանալու կատարել ձեր համակիրների ու կուսակցական ընկերների հետ։

- Շատ կարեւոր հարց էք բարձրացնում, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր վստահութեան լուրջ պակաս ունի։ Տարակերպ շարժումները, կուսակցութիւններն ու ճարպիկ ձեռնվարութեամբ կառավարուող դաշտը բոլորի համար խնդիր է դարձել։ Առողջ բանականութիւն ունեցող մարդն էլ չի կարողանում կողմնորոշուել, ուր մնաց այն մարդիկ, ովքեր ընդհանրապէս հետաքրքրուածութիւն չունեն քաղաքական գործընթացների նկատմամբ։ Պատահական չէ նաեւ մեր կողմից ընտրուած անուանումը։ Եթէ մեր ժողովուրդն արթուն լիներ, չէր կարող հանդուրժել այնպիսի անձի կամ անձանց խմբերի, որը կարող էր ժողովրդին տանել դէպի կործանում կամ պարտութիւն։ Մենք կարծում ենք, որ դա մեր ազգի՝ հոգեւոր արժէքներից հեռանալու հետ է նաեւ կապուած։ Մենք խնդիր ենք դրել արթնացնել մեր ազգին։ Ի՞նչ ենք պատկերացնում արթնացնել ասելով։ Մենք փորձելու ենք իրազեկել, վտանգների մասին խօսել ու վտանգների չէզոքացման հետ կապուած մեր ծրագիրը մատուցել։ Ինչքանով կը յաջողուի մեր հասարակութեան վստահութիւնը վաստակել, հիմա չեմ կարող ասել։ Բայց բոլոր դէպքերում մեր կուսակցութեան շարքերում կան այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն նոր են որոշել ի յայտ գալ, ազգապահպան գործունութիւն ծաւալել, այլեւ՝ մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց դրսեւորել են ազգային արժէքների պաշտպանութեան հարցում, եղել են առաջամարտիկ։ Այդ մարդկանց գործունութիւնն այս առումով ազնիւ է։ Որքանով կը յաջողուի ճարպիկ ձեռնվարութեան ու խարդաւանքի (manipulation) ենթարկուած ժողովրդի մէջ այդ ձայնը լսելի դարձնել, ժամանակը ցոյց կու տայ։

Կարծում եմ՝ շատ լաւ տեղեակ էք, որ հասարակութեան շրջանում հնի եւ նորի պայքարը ու խարդաւանքը շատ խորն է։ Մարդիկ բոլորին բաժանում են հների եւ նորերի։ Ինչպէ՞ս էք կարողանալու մարդկանց արթնացնել ու ցոյց տալ, որ այստեղ հների ու նորերի պայքար չէ, այլ, վերջիվերջոյ, երկիր փրկելու պայքար է։

- Նախ, մենք չենք ընդունում այդ բաժանարարն գիծը՝ հներ եւ նորեր։ Աւելին, մենք եթէ ազգային արժէքներից ենք խօսում, մենք ամենահնին ենք պաշտպանում՝ Հակ նահապետին։ Պահպանողական տեսակէտից մենք չենք կարող մեր արմատները մոռանալ։ Մենք պէտք է խօսենք երեւոյթների բաժանման մասին։ Մեզ համար բաժանարար գիծ է ապազգայինը, դաւաճանութիւնը։ Մենք մերժում ենք այդ երեւոյթները։ Մեր կարմիր գծերը դրանք են ու այդ ապազգային ծրագրերը սպասարկող անձերը։ Իսկ մնացած առումով, մենք կարծում ենք, որ պէտք է համախմբել ազգին։ Հակառակ դէպքում մեր ոխերիմ  հարեւանները բնականաբար օր առաջ ուզում են մեզ քարտէզից ջնջել ու անգամ չեն էլ թաքցնում այդ ծրագրերը։ Այս պայմաններում գործող իշխանութեան խաղաղասիրութեան քարոզները մեզ տանում են կործանման ճանապարհով, այն էլ՝ երաժշտութեամբ։

Մեզի հետաքրքիր է նաեւ Ձեր կարծիքը Հայաստանի ներքաղաքական դաշտի մասին։ Ընդդիմութիւն, իշխանութիւն, ինչ խնդիրներ էք տեսնում քաղաքական պայքարի հարցում։ Վերջին օրերին բուռն քննադատութեան թեմա է դարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի առաջարկը ուղղուած ՀՀ երկու նախագահներին՝ ընտրութիւններին միասին գնալու վերաբերեալ, լաւ հասկանալով, որ նրանք ունեն խնդիրներ, չհամընկնող   շահեր։  Ի՞նչ էք մտածում այդ մասին։

zartonk partido 2- Չեմ կարող առաջին նախագահի ազնւութեան մասին կարծիք յայտնել, քանի որ քաղաքական դաշտը շատ է խառնուել իրար։ Եթէ այդպիսի ազնիւ մղում կայ այդ առաջարկն անելիս, այլ ոչ թէ հերթական անգամ դաշտը խառնելու հնարք է, ապա հետաքրքիր առաջարկ է։ Բայց ես ուզում եմ յիշեցնել առաջին նախագահի 2015 թուականի մարտի մէկի ելոյթի այն հատուածը, երբ ներկայացնում էր ընդդիմութեան ծածկագրուած ծրագիրը։ Կարծես թէ, այդպէս էլ եղաւ։ Ըստ իր խօսքի բովանդակութեան՝ հարիւրամեակն առանց ռեժիմի կարգախօսն իրականացուեց։ Կարծեմ, Լեւոն Տէր-Պետրոսեանը դա անուանում էր Պեռլինի գրաւումից աւելի հնարամիտ ու լաւ ծրագիր։ Փաստօրէն, 2018 թուականի մայիսի 28-ին դա նշեց Նիկոլ Փաշինեանը ու այդպէս էլ եղաւ։ Լեւոն Տէր-Պետրոսեանը Նիկոլ Փաշինեանին ու իր օգնական ուժերին անուանում էր Բաբելոնեան աշտարակի շինարարներ։ Զուտ աւանդական տեսակէտից պէտք է յիշեցնեմ, որ Հայկ նահապետը եղել է Բաբելոնեան աշտարակի շինարարի ՝ Բելի կամ Նեբրոֆթի հակառակ կողմը: Այս առումով, այդ բաժանարար գիծն այն ժամանակ Լեւոն Տէր-Պետրոսեանն է ցոյց տուել։ Այնպէս որ, ինձ համար այնքան էլ յստակ չէ այդ առաջարկի բովանդակութիւնն ու հասարակութեանն ուղղուած ակնարկները։

Փաշինեանի իշխանութիւնը ոմանց կողմէ այսօր համարւում է Թուրքիայից ու Ատրպէյճանից եկող սպառնալիքներից աւելի վտանգաւոր։ Դո՞ւք եւս այդ կարծիքին էք։ Ինչպէ՞ս է Հայաստանում տեղի ունենալու իշխանափոխութիւն, արդեօ՞ք յառաջիկայ ընտրութիւնների միջոցով դա համարում էք հնարաւոր, թէ՞ ոչ։

- Նախ չի բացառւում, որ Լեւոն Տէր-Պետրոսեանն էլ է տեսնում, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը շատ  լուրջ վնաս է տուել։ Այն մասշտաբի, որ գուցէ իրենք էլ չէին պատկերացնում։ Դրա համար պէտք է ժամանակ անցնի, որ կարողանանք աւելի լաւ մարսել այդ խօսքերի իմաստն ու նշանակութիւնը։ Ընտրութիւնների մասին։ Միանշանակ պէտք է քաղաքակիրթ ու սահմանադրական ճանապարհով փորձել իշխանութիւն փոխել։ Հակառակ դէպքում մենք այդ շրջապտոյտից ուղղակի դուրս չենք գայ։ Գիտէ՞ք ինչ, ցաւալին այն է, որ մեր հասարակութիւնը, մեր ժողովուրդը պատերազմի պարտութեան՝ անձնատուութեան փաստաթղթին չտուեց այնպիսի արձագանք, որը կարող էր տալ արթուն հայ ժողովուրդը։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրած անձը չէր կարող մէկ օրից աւել Հայաստանում ապրել ։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինեանն էլ մեր ազգի մասին լաւ կարծիք ունէր, որքան մենք, որովհետեւ գոնէ երեք օր չէր երեւում հրապարակում, թաքնուել էր ու մտածում էր՝ այս ազգը արժանապատուութիւն ունի ու կարող է պատասխան պահանջել։ Բայց երեք օր յետոյ տեսաւ, որ չկայ նման յստակ դիրքորոշում, ազգը պառակտուած է հնի ու նորի, սեւի ու սպիտակի, թալանչիների ու թալանուածների։ Այս արհեստական գծերով, բնականաբար վերադարձաւ, իշխանութիւնը վերցրեց ու աւելի համարձակ է իրեն զգում։

Այս հասարակութեան հետ մենք ինչպէ՞ս պէտք է գնանք ընտրութիւնների ու երկրում փոփոխութիւններ կատարենք։

- Արթնանալով՝ զարթնելով։ Մեր կոչը պատահական չէ՝ արթնացի՛ր, արթնացրու՛։ Մենք պէտք է վտանգները զգանք, մենք պէտք է հասկանանք, որ պետութիւն կորցնելու լուրջ վտանգի մէջ ենք։ Կարեւոր չէ, թէ ում կ՛ընտրի ՀՀ քաղաքացին, կարեւոր է, որ գիտակցուած ընտրութիւն կատարի։ Չգնան ժողովրդահաճ լոզունգներու, նիւթականի ու կաշառքի հետեւից։ Ի վերջոյ տեսէք ինչ է կատարւում։ Երեք հիմնական թիրախ է որդեգրւում ապազգային այս ուժի կողմից։ Առաջինը՝ սեւերի ու սպիտակների պառակտումը, երկրորդը՝ քաոսը, երրորդը՝ յուսահատութիւնը։ Մենք այս բոլոր փուլերով անցել ենք։ Մարդիկ պէտք է այդ յուսահատութեան վիճակից դուրս գան ու հասկանան, որ իրենք են այս երկրի տէրը։ Պէտք է չսնուել կեղծ օրակարգերով։  

Եւ վերջին հարցը։ Ձեր կուսակցութիւնում սփիւռքի դերակատարումն ինչպիսի՞ն է։ Առհասարակ, ինչ էք կարծում սփիւռքեան գործիչների հետ համագործակցութեան մասին։ Ձեր կուսակցութիւնում ներկայացուածութիւն ունե՞ն սփիւռքի գործիչները։ Կիսո՞ւմ են ձեր տեսակէտները ու համամիտ են ձեր որդեգրած քաղաքականութեան հետ։

- Այո, Սփիւռքից մենք ունենք կուսակցական անդամներ, որոնք ՀՀ քաղաքացի են։ Ունինք նաեւ բարեկամներ եւ համակիրներ: Բնականաբար, մենք մեր ծրագրում մեծ դեր ենք յատկացրել սփիւռքահայերին, մեր հայրենակիցներին։ Ի վերջոյ պետականաշինութեան մէջ իրենք կարեւոր դերակատարում ունեն եւ ունենալու են։ Այդ ներուժը չօգտագործել, չօգտուել նրանց հնարաւորութիւններից, կարծում եմ՝ մեծ սխալ է։ Ի վերջոյ մեր Սփիւռքի թիւն աւելի մեծ է, քան ՀՀ-ում ապրողների։ Մենք պէտք է յստակ կապը ստեղծել։ Այն անձինք, ովքեր մեր կուսակցութեան անդամ են կամ մեր բարեկամներն են, բնականաբար ողջունում են մեր կուսակցութեան ստեղծումը, ունենք դրական արձագանգներ։ Իրենք չեն ընդունում այսօրուայ իշխանութեանը, ուղղակի չեն ընդունում։ Ի վերջոյ, հարցը հետեւեալն է՝ եղե՞լ է դաւաճանութիւն թէ անգործութիւն, անփութութիւն։ Ինչպէս աստուածաշնչում ասւում է՝ «իր գործում թոյլ լինողը փչացնողի եղբայրն է»։ Հետեւանքը իվերջոյ՝ նոյնն է։ Եթէ իրենք անգամ դաւաճանութիւն չեն կազմակերպել, այլ այդպէս է եղել իրենց քաոսային կառավարման հետեւանքով, միեւնոյնն է՝ իրենք պէտք է հեռանային։

Շնորհակալ եմ հետաքրքիր զրոյյցի համար։

Más leídas