SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 28 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Locales - Especial para el Talk Time
"ՍԵՆԻՕՐԱ ԱՐՄԵՆԻԱ" ("Señora armenia") de Sose Hadjian
12 de Septiembre de 2020
- Կը ներէք տիկին համարձակութեանս. Կ'ուզէի գիտնալ թէ ի'նչ լեզու կը խօսիք, բոլորովին անծանօթ է ինծի- կ'ըսէ աւազին վրայ երկարած կինը, երբ կը լսէ իմ և աղջկաս խօսակցութիւնը:
 
-Հայերէն - կը պատասխանեմ, առանց իր կողմը նայելու:
 
Նորէն ամառ է, նորէն օդափոխութիւն, և նորէն եկած ենք Սան Պերնարտօ, ծովափի ամարանոցը, ուր շատ տարիներէ ի վեր կու գանք, երբ մեր զաւակները դեռ շատ փոքր էին:
 
-Ուրեմն հայերէն, երբեք չէի լսած այդ լեզուն, երաժշտականութին ունի և ականջին շատ հաճելի կը հնչէ - կը կրկնէ երիտասարդ կինը: Ապա հայ ժողովուրդի մասին ուղղուած հարցումներով` կը քակուի խօսակցութեան կծիկը:
 
Այս անգամ մէջս իր խոր թմբիրէն կ'արթննայ ուսուցիչը և կը սկսի դասախօսութիւն տալ հայ ժովուրդի մասին. որ եղած է առաջին ժողովուրդը որ քրիստոնէութիւնը ընդունած է, որ քսաներորդ դարուն թուրք կառավարութիւնը մէկ ու կէս միլիոն հայ ջարդած է, որ գրաւած է մեր հողերը, որ երկու տարի առաջ ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչեցին Հայկական Ցեղասպանութեան 100ամեակը.
 
-Այո, կը յիշեմ- կ'ընդմիջէ զիս- մեր թաղամասին մէջ որմազդներ փակցուցած էին պատերուն վրայ, մանիշակագոյն ծաղիկ , վրան գրուած 100 años del genocidio armenio. Կը շարունակեմ խօսիլ տեղահանուած հայերու մասին, որոնք ցրուեցան աշխարհով մէկ եւ կազմեցին գաղութներ.և շնորհիւ իրենց աշխատասիրութեան յաջողեցան նիւթական և ընկերային բարձր դիրքերու հասնիլ: Կ'անդրադառնամ, որ շատ խօսեցայ, թերևս ձանձրացաւ.
 
-Ոչ, ոչ, շարունակէ- կ' ըսէ:
Այս անգամ կը խօսիմ մեր գաղութին, մեր հաստատութիւններուն մասին, կը թուեմ տարբեր մարզերու, ասպարէզներու մէջ ծանօթ հայերու անուններ: Վերջ այսօրուան դասախօսութեան: Արևը Հրաժեշտ կ'առնէ ծովափէն մենք ալ իրարմէ: Յաջորդ օրը կեցած եմ, հիացած կը դիտեմ անծայրածիր ծովը. մտնեմ, թէ չմտնեմ:
 
-Սենիօրա... սենիօրա արմենիա -կը կանչէ մէկը:
Կը դառնամ ետեւ: Երէկուան ծովափի դրացուհիս է. ձեռքով կը բարևէ. կը մօտենամ իրեն:
 
- Երէկ I phoneիս մէջ փնտռեցի հայերու մասին տեղեկութիւններ: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է. Նշանաւոր է Արարատ լեռը, որուն վրայ հանգչած է Նոյեան տապանը- և ուրիշ ծանօթութիւններ ալ կու տայ, դասը լաւ սորված աշակերտի մը խանդավառութեամբ:
 
-Նկարներն ալ տեսայ, շատ գեղեցիկ է ծննդավայրդ:
 
- Ես Հայաստան չեմ ծնած, այլ Սուրիա :
 
- Ուրեմն սուրիացի ես:
 
- Սուրիա ծնած եմ, բայց ես հայ եմ:
 
-Չեմ հասկնար, ըսել կ'ուզես որ ծնունդով սուրիացի ես, բայց ծագումով հայ :
 
-Այո,- կ'ըսեմ, կարճ կապելու համար:
Այս անգամ հետաքրքրութեան առարկան Սուրիան է: Թաքնուած ուսուցիչը կրկին կը յայտնուի եւ "Հազարումէկ Գիշերներու" հեքիաթներուն յատուկ պատկերներով համեմուած, կարօտով կը նկարագրէ իր անցեալի սիրելի և երազային ծննդավայրը : Ներսի շուկայէն կը սկսի,կ'անցնի ոսկերիչներու շուկան, արեւելեան բաղնիքները, սուս ծախողները, նեղ և խորհրդաւոր փողոցները, "փախլաւաճիները" եկեղեցիները, մզկիթները , հազարամեայ բերդը և արևելքի խայտաբղէտ գոյները, ձայները, բոյրը, կերակուրները և ժողովուրդին հիւրասիութիւնը: Եւ կը զգայ թէ պատմելու միջոցին,անզգալաբար աչքերէն արցունքի կաթիլներ կը հոսին: Չի խօսիր ներկայի տխուր իրավիճակին մասին: Իր յիշողութեան մէջ կ'ուզէ անաղարտ պահել անցեալի գեղեցիկ և պայծառ պատկերը:
Յաջորդ օրուան հարցաքննութիւնը անձիս շուրջ կը դառնայ: Կը հարցնէ անունս.
-Սօսի - կ'ըսեմ -Սուսի.- այսինքն Սուսանայի կրճատումը. Թող այդպէս ըլլայ կը մտածեմ:
Ինք Իրմա կը կոչուի: Երբ կ'իմանայ որ հայերէն լեզուի ուսուցչուհի եմ, որ դպրոցներուն մէջ կը ջանանք մեր լեզուն կենդանի պահել և նոր սերունդին սորվեցնել, կ'ըսէ թէ իր մեծ -հայրը և մեծ- մայրը Իտալիայէն եկած են, բայց տան մէջ իտալերէն չեն խօսած եւ այդպէս լեզուն իրենց ընտանիքին մէջ մեռած է:
-Դուք ազգային ինքնութիւնը կորսնցնելու վտանգը չէք ապրիր, կ'ըսեմ իւրովի: Մենք հայապահպանումի համար շարունակ պայքար կը մղենք:
 
- Զարմանալի է- կ'ըսէ քիչ մը վարանումով- երկար տարիներ հոս ապրած ես, բայց տակաւին օտարի շեշտ ունիս: Առաջինը չէ, որ ակնարկութիւն կ'ընէ այդ մասին:
 
-Մենք տան մէջ միայն հայերէն կը խօսինք - կը պատճառաբանեմ: Օտարականի շեշտը կառչած է լեզուիս և չ'ուզեր անջատուիլ:
Իրիկնամուտ է . մեղմ ալիքները երգելով կը մօտենան եւ կը համբոյրեն ծովափը, որ ի վերջոյ շունչ կ'առնէ օրուան թոհ ու բոհէն յետոյ: Առաքելութիւնս կատարածի գոհունակութեամբ քայլերս կ'ուղղեմ դէպի տուն:
ՍՕՍԻ ՀԱՃԵԱՆ
Más leídas