SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 01 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Արցախ
Հայրապետական այցի երկրորդ օրը
06 de Junio de 2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները բերեց հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։

vehapar artsaj dia 2Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումը բերեց հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։

«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», - ասաց Հայոց Հայրապետը։

vehapar artsaj dia 2 con bergeՆորին Սրբությունը նշեց, որ հաղորդ է հայ զինվորականների քաջությանն ու  հերոսական սխրանքներին, անձնուրաց պայքարի փառավոր դրվագներին՝ ընդգծելով, որ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախ՝ բոլոր ժամանակներում դրսևորվել է այն հաստատ համոզումն ու գիտակցությունը, որ հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։

«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։

Սիրելի զավակներ մեր, պանծալի այդ անձինք իրենց ժամանակի մեջ առավել չէին, քան դուք այսօր։ Ձեզ պես պարզ երիտասարդներ և այրեր էին հայրենասեր և ազգանվեր նույն խառնվածքով ու ձգտումներով, կյանքի նկատմամբ լցված նույն հույսերով և լուսավորին ու պայծառին հասնելու ջինջ ցանկությամբ։ Առավել չէր նաև նրանց մաքառումի ոգին և նախանձախնդրությունը, քան արցախյան հողի վրա ձեր եղբայրների ու հայրերի անձնդիր հանձնառությունը։

Սակայն, առաքյալի խոսքի համաձայն, նրանք իրենց բարի պատերազմը պատերազմեցին, և այսօր նախնյաց կողմից մեր սերնդին է փոխանցված սրբազան պարտքը վառ պահելու մեր ինքնության կերոնը, նաև հաստատակամորեն կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում, որքան էլ որ դժվարին և ծանր լինի այդ առաքելությունը։ Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - իր խոսքում ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել, իսկ աշխարհասփյուռ համայքները զորակցել և առկա կարիքներում օգնություն հասցրել։

«Սիրելի զինվորներ և սպաներ, Հայոց Բանակի ոգին և հաղթական կամքն է աղբյուրը ազգի զորության և վստահության, մեր ժողովրդի ոգեշնչման և գալիք օրվա նկատմամբ լավատեսության։ Ամուր և անսասան մնացեք այս կոչման մեջ, և Փրկիչ մեր Տերը, հավատում ենք, պիտի պարգևի մեզ նորանոր հաղթություններ», - պատգամեց Գարեգին Բ Հայրապետը՝ հայցելով Աստծուց պահել և պահպանել զինվորականներին ապահով և անփորձանք, որպեսզի իրենց աներեր ու զորավոր բազկով պաշտպանը լինեն հայրենի երկրի, մեր սրբությունների և, կատարելով իրենց սրբազան պարտքը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ շարունակելու իրենց նվիրական կյանքն ու գործը հայրենական անդաստանում։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։

Más leídas