SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 28 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - Թումո
Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում
29 de Mayo de 2021

Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում


Մայիսի 22-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում բացվեց Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսը` La Biennale di Venezia-ն: 112 աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների և արվեստագետների, ինչպես նաև 61 ազգային տաղավարների շարքում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան:

tumo bienal foto2 pp           tumo installation arch2021

«Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին» խորագիրը կրող Բիենալեի շրջանակներում մասնակիցները վերաիմաստավորել են մարդկային համակեցության ձևերը և մշակել են բնության, քաղաքաշինության ու միմյանց հետ մեր հարաբերությունների տարբեր սցենարներ:

Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան, որը տեղակայված է ցուցադրության հիմնական սրահում, բացահայտում է ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների միջազգային ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Ալբանիայից ու Լիբանանից: Իրենց անհատական պատմությունների միջոցով ուսանողները ներկայացնում են Թումոյում իրենց միավորող արժեքները` ընտրության ազատություն, անհատական մոտեցում, թիմային աշխատանք և գործնական ուսումնական փորձառություն: Անցնելով ուսանողական «անտառով» ու դիտելով ինստալյացիայի հոլովակները` ցուցահանդեսի այցելուները կարծես երկխոսության մեջ են մտնում Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու երազանքներին: Բացի այս, այցելուները նաև բացահայտում են ամբողջ աշխարհից Թումոյի շենքերի մոդելներ, որոնք մշակվել են այնպիսի հայտնի ճարտարապետների կողմից, ինչպիսիք են Բեռնար Խուրին և Վինի Մաասը:

tumo installation arch20212Բացման օրերի ընթացքում Վենետիկի Բիենալեն արդեն հյուրընկալել է ավելի քան 7000 այցելուի:

«Մենք պետք է գտնենք հարաբերությունների նոր տեսակ կրթական պրոցեսների և դրանց միջավայրերի համար, - բացման խոսքում ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ ուսանողները պետք է լինեն իրենց կրթական ուղու պատասխանատուները և ունենան այնպիսի ռեսուրսներ ու պայմաններ, որոնք նրանց հնարավորություն կտան բացահայտել իրենց ամբողջ ներուժն ու ընդլայնել դրա սահմանները»:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը, իսկ օգոստոսի 30-ին ժյուրին, որի կազմը գլխավորում է աշխարհահռչակ ճապոնացի ճարտարապետ Կաձույո Սեձիման, կհայտարարի հաղթողներին:

tumo installation arch20214Վենետիկի ճարտարապետական բիենալեն 1895 թվականին հիմնադրված արվեստի բիենալեի մաս է կազմում: 1980 թվականից երկու տարին մեկ անգամ անցկացվող բիենալեի հիմնական նպատակն է առաջարկել հասարակության և տեխնոլոգիական խնդիրների ճարտարապետական լուծումներ:

Más leídas