SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Lunes 29 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Թումո
Նոր նախաձեռնության մասին
11 de Octubre de 2023

Թումոն հայտարարում է Արցախից բռնի տեղահանված պատանիների աջակցությանն ուղղված նոր նախաձեռնության մասին

tumo artsaj teens

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը: Բազմամյա և համապարփակ նախաձեռնությունը արցախցի պատանիների կողքին կլինի պատանեկության ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար: «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը Թումո Հայաստան ծրագրի մասն է, որի նպատակն է մինչև 2026 թվականը Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել բոլոր հայ պատանիների համար:

Վերջին 12 տարիների ընթացքում Թումոն աշխատել է տասնյակ հազարավոր պատանիների, այդ թվում հազարավոր արցախցիների հետ՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնի և Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում գործող Թումո տուփերի միջոցով: Այժմ, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Թումոն հանձն է առնում Արցախից բռնի տեղահանված պատանիների կարիքների գնահատումը, ինչպես նաև պետական և միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից նրանց տրամադրվող ծառայությունների համակարգումն ու մոնիթորինգը: Նախաձեռնության իրականացման համար ստեղծված հատուկ աշխատանքային խումբը սերտորեն կհամագործակցի տվյալների հավաքագրման, սոցիալական աշխատանքի և ծառայությունների մատուցման գործում մասնագիտացած կազմակերպությունների հետ:

Նախաձեռնության հիմնական ուղղություններն են.

  1. Կապի պահպանում Արցախից տեղահանված յուրաքանչյուր պատանու հետ՝ այս պահից մինչև նրանց 19 տարեկանը լրանալը կամ մինչև այլևս աջակցության կարիք չունենալը:
  2. Թումոյի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցության տրամադրում:
  3. Շարունակական մոնիթորինգ՝ գնահատելու համար պատանիների բնակարանային, առողջապահական, հոգեկան առողջության, կրթության ֆինանսավորման, սարքավորումների հասանելիության, բուհական ընդունելության, կարիերայի խորհրդատվության և այլ ծառայությունների կարիքները:
  4. Շահերի պաշտպանի դերի ստանձնում՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև ծառայությունների տրամադրման մոնիթորինգի իրականացում կանոնավոր ստուգումների միջոցով:
  5. Դրամահավաքների իրականացում, հավաքագրված միջոցների ուղղորդում դեպի ծառայություններ մատուցող կազմակերպություններ և համապատասխան հաշվետվությունների տրամադրում նվիրատուներին:

«Մենք բոլոր հայ պատանիներին մեր զավակներն ենք համարում», - ասում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, - «Մեր արցախցի պատանիներն ավելին քան երբևէ մեր աջակցության կարիքն ունեն, բայց մենք էլ նրանց կարիքն ունենք: Օգնելով մեր հայրենակից պայծառ երիտասարդներին ոտքի կանգնել և իրացնել իրենց ողջ ներուժը հանուն բարեկեցիկ և ապահով ապագայի՝ շահելու ենք բոլորս»:

Նախաձեռնության ադմինիստրատիվ ծախսերը կփակվեն Թումո Հայաստան արշավի միջոցով՝ ապահովելով համակարգողների, սոցիալական ծառայությունների մասնագետների և զանգերի կենտրոնի աշխատակիցների ներգրավվածությունը ծրագրում: Թիմին միանալու հայտերն ընդունվում են tumo.org/jobs կայքում:

Նախաձեռնությանը հնարավոր է աջակցել մի շարք եղանակներով՝ այդ թվում ներդնելով ձեր մասնագիտական հմտությունները կամ կատարելով նվիրատվություն: Նախաձեռնության հետ կապված հարցերով Թումոյի հետ կարող եք կապ հաստատել artsakh.teens@tumo.org հասցեով, իսկ նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է այցելել armenia.tumo.org/t4at կայք և նվիրատվության մեկնաբանության մեջ նշել «Արցախի պատանիների համար»:

Արցախից բռնի տեղահանված այն պատանիներին և նրանց ծնողներին, ում հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել, Թումոն խնդրում է զանգահարել +37410398413 կամ ուղարկել նամակ artsakh.teens@tumo.org հասցեին:

Թումոն նախատեսում է կառուցել 16 կենտրոններից և ավելի քան 100 տուփերից բաղկացած ցանց՝ Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր Թումո տուփում շաբաթական մոտ 320 պատանի է սովորում՝ ինքնուսուցման փուլերն անցնելով տուփում, իսկ դասընթացների համար հաճախելով մոտակա Թումո կենտրոն:
 
Más leídas