Սեպտեմբերի 23-ին Թումո Երևանում տեղի կունենա «Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիումը, որը կմիավորի միջազգային փորձագետների՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը կրթության, տեխնոլոգիաների, աշխատաշուկայի և կյանքի այլ ոլորտների վրա:
Տեխնոլոգիական և կրթական ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում Google DeepMind, OpenAI, Microsoft, Harvard, MIT, Meta, Figma, Khan Academy և այլ համաշխարհային գիգանտների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան պանելային քննարկումներ, վարպետության դասեր և բանախոսություններ գեներատիվ արհեստական բանականության նորագույն գործիքների, տեխնոլոգիական ամենակարևոր նորությունների և միտումների, ինչպես նաև կրթության մեջ արհեստական բանականության կիրառման առաջատար օրինակների վերաբերյալ:
Թումո Երևանում կլինեն Emerson Collective ընկերության տեխնոլոգիական տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Krisp ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, FAST հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Արմեն Օրուջյանը, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը, Նյու Յորքի համալսարանի հետազոտող, մշակութային տեսաբան և նկարիչ Արի Մելենչիանոն, ինչպես նաև Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Սիմպոզիումին օնլայն կմիանան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, Հարվարդի բարձրագույն կրթության դպրոցի հետազոտող Թեսսա Ֆորշան, Ստենֆորդի համալսարանի դասախոս Էմմա Բրանսքիլը, Meta-ում AI պրոդուկտ թիմի ղեկավար Մարիլի Նիկան, Microsoft-ի կրթության հետազոտության միջազգային տնօրեն Մարիա Լանգուորթին, NVIDIA-ի AI հետազոտության փոխնախագահ Սանջա Ֆիդլերը, GitHub-ի գլխավոր հետազոտող Էդի Աֆթանդիլյանը և միջազգային մակարդակի այլ փորձագետներ:
Սիմպոզիումի մասնակցությունն անվճար է և բաց բոլորի համար` առանց որևէ սահմանափակման: Միջոցառման լեզուն անգլերենն է:
Սիմպոզիումը հեռարձակելու է ուղիղ եթերով:
Առցանց հեռարձակմանը միանալու կամ սիմպոզիումին տեղում` Թումո Երևանում մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել tumo.ai կայքում, որտեղ և կարող եք ծանոթանալ բանախոսների ամբողջական ցանկին և օրակարգին:
|