SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 07 de Mayo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Եռահատորի Ա գրքի շնորհանդեսը
«Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու»
20 de Marzo de 2023

Օրերս Երեւանի «Թեքեյան կենտրոն»ում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի կողմից կազմված «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատակության առաջին գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ՝ առաջին անգամ Հայաստանում եւ Սփյուռքում ներկայացնելով հանճարեղ գրողի 1901-1910թթ գրած, արեւմտահայ եւ արտասահմանյան մամուլի տարբեր էջերում տպագրած հոդվածները: Կազմող հեղինակը մեծ ջանադրությամբ, գիտական բարձր մակարդակով հավաքել եւ ժամանակագրական կարգով ներկայացրել է «ոսկու ձուլակտորների պես մամուլում սփռված» հոդվածները:

Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակության առիթով՝ նա ուրախությամբ նկատեց, որ հատորի լույսընծայումը մշակութասեր հանրության կողմից սպասված ինքնատիպ եւ բացառիկ աշխատանք է: Ճիշտ է, ըստ նրա, Վահան Թեքեյանին  Հայաստանում նոր-նոր են խորությամբ սկսում ճանաչել, սակայն Սփյուռքում նա վաղուց է գնահատված ու սիրված: Լինելով արեւմտահայ վերջին եւ սփյուռքահայ առաջին պոետը՝ նա միաժամանակ ծավալել է հասարակական մեծ գործունեություն: Ժողովածուում ընդգրկված հոդվածների շնորհիվ ընթերցողն առավել մանրամասն կծանոթանա կարողագույն հրապարակագրի ազգային, մշակութային եւ հասարակական գործունեությանը:

Ապա տպավորիչ ելույթով հանդես եկավ գրքի կազմողը՝ ներկայացնելով հանճարեղ գրողի հրապարակագրության առանձնահատկությունները:

Գրքի վերաբերյալ ծավալուն եւ ուշագրավ վերլուծությամբ հանդես եկավ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Մկրտչյանը: Նա, բարձր գնահատելով Վ. Դավթյանի կատարած աշխատանքը, մասնավոր ուշադրություն դարձրեց առաջաբանին՝ «Հազարներու մէջէն մէկը» վերնագրով, Ծանոթագրություններին՝ մանրակրկիտ աշխատված, Անձնանունների եւ Տեղանունների ցանկին՝ կազմված գիտական բարձր մակարդակով, ինչը միաժամանակ երեւան էր հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրո առարկա նյութի վերաբերյալ: Ըստ բանախոսի, գիրքը հարուստ նյութ կհաղորդի ընթերցողին՝ հասկանալու ժամանակաշրջանն ու միջավայրը:

 Ուշագրավ էր բանախոս ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Մարկոսյանի ելույթը: Բարձր գնահատելով կազմողի աշխատանքը՝ նա կարեւորեց  հոդվածների բազմաթեմայնությունը՝ գրականություն, քաղաքականություն, կրոն, մշակույթ, որբահավաքություն, կրթություն, լրագրություն, գրատպություն եւ այլն, որոնք կարող են տալ ուսումնասիրության անսպառ նյութ:

Բանախոս, Երեւանի Հյուսիսային համալսարանի Բանասիրության եւ մանակավարժության ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանն էլ իր խոսքում նկատեց, որ Վ. Թեքեյանի հոդվածները ճանաչողության լայն հնարավորություն են տալիս. ընթերցողը կարող է անսպառ նյութ հավաքել մշակութային, քաղաքական, հոգեւոր հայ եւ օտար գործիչների վերաբերյալ՝ ծանոթանալով նրանց կյանքի եւ գործունեության մանրամասներին, որոնց վերաբերյալ հանրամատչելի տեղեկությունները այլ աղբյուրներում կա՛մ քիչ են, կա՛մ բացակայում են:

Շնորհանդեսի գեղարվեստական մասում հնչեցին Կոմիտասի անզուգական մշակումները  ջութակահար Գրիգոր Գուլխանջյանի հրաշալի կատարմամբ:

Անկրկնելի ելույթով հանդես եկավ ասմունքող Աիդա Ասատուրյանը, որը ներկայացրեց հատվածներ Վ. Թեքեյանի հոդվածներից:

Միջոցառումը հուզառատ էր, տպավորիչ եւ ջերմ: Թեքեյանասերները խոստովանեցին, որ անհամբեր կսպասեն գրքի երկրորդ եւ երրորդ հատորների լույսընծայմանը:

«Թեքեյան» կենտրոն

Más leídas