SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 07 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Արցախի արտաքին գործերի նախարար, Դավիթ Բաբայան
ՇՈՒՇԻՆ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՒ ԿՄՆԱ ՄԵՐԸ
24 de Noviembre de 2021

Հարցազրույց

lusine Shahverdian hrabarag Լուսինե Շահվերդյան

- Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի ՊՆ-ն առաջարկներ է ներկայացրել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված, եւ դրանք ընդունելի են հայկական կողմի համար: Առաջիկայում Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն էլ ենթադրվում է, որ վերջնական համաձայնություն կկայացվի, ու Փաշինյանը կստորագրի այդ փաստաթուղթը։ Մտահոգություններ չպե՞տք է լինեն, որ այդ փաստաթղթի ստորագրումը նախեւառաջ ուղիղ կապ ունի Արցախի հարցի հետ, եւ Ադրբեջանի շտապողականությունն էլ դրանով է պայմանավորված, թե՞ կարծում եք, որ դրանք տարբեր գործընթացներ են։

- Ես կարծում եմ, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը մեկ-երկու ամսվա գործընթաց չէ, բավականին երկար տարիներ են պահանջվելու, քանի որ սա ոչ միայն տեխնիկական բարդ հարց է, այլեւ պատմական, քաղաքական, աշխարհագրական եւ այլն։ Անկախ ամեն ինչից՝ սա չի կարող որեւէ ձեւով անդրադառնալ Արցախի կարգավիճակին, եւ Արցախի կարգավիճակն այդ դելիմիտացիայով չէ, որ պետք է կարգավորվի։ Խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանն ունեցել են սահման, բայց դա որեւէ ձեւով նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակին չի անդրադարձել։Իհարկե, անկախ ամեն ինչից, Արցախի համար անընդունելի է լինելու ցանկացած իրավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա չեմ հոգնի բազմիցս հայտարարել եւ կրկնել շարունակաբար, մենք խաղեր չենք խաղում որեւէ մեկի հետ, արտաքին աշխարհի կամ սեփական ժողովրդի հետ, սա Արցախի հավաքական կարծիքն է՝ թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության։ Բացի դրանից, մեզ համար շատ կարեւոր է դեօկուպացիայի հարցը։ Մենք երբեք չենք հրաժարվելու մեր տարածքներից՝ Շուշիից,  Քարվաճառից, Հադրութից եւ այլն։

- Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմից հետո քանիցս իր հարցազրույցներում խոսել է դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի մասին՝ կարծիք հայտնելով, որ այդպիսով կնշանակի վերջնականապես փակել Արցախի հարցը, այն ճանաչել Ադրբեջանի կազմում։ Համաձայն չե՞ք այս կարծիքի հետ։

- Արցախն անկախ երկիր է, ունի իր հայեցակարգը։ Այո, մենք ինտեգրված ենք մայր Հայաստանի հետ, այդ հարցերը, այո, կան, բայց, այնուամենայնիվ, մենք սուվերեն պետություն ենք, ունենք մեր տեսլականը, մեր ռազմավարությունը, բացի դրանից, կրկնում եմ՝ մենք երբեք չենք ընդունի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

- Այսինքն՝ ստորագրել նման փաստաթուղթ, գծել հայ-ադրբեջանական սահմանը, դեռ չի՞ նշանակում փակել Արցախի հարցը, լուծել կարգավիճակի խնդիրը։ Փորձագետներից ոմանք նման տեսակետներ են հայտնում, սրանով են պայմանավորում նաեւ Ադրբեջանի շտապողականությունը, օրերս Սյունիքում ռազմական գործողություններն էլ մեկնաբանվեցին իբրեւ ճնշում այդ գործընթացն արագացնելու համար։

- Մեզ համար անընդունելի է լինելու, եղել է ու կա․ մենք Ադրբեջանի հետ առավելագույնը կարող ենք հարեւան լինել, իրենց կազմում լինելը մեզ համար անընդունելի է, դա բացառապես կախված է Արցախի կամքից, թող չմտածեն, որ մեզ կարող են պարտադրել։ Եթե մենք չենք ուզում, ի՞նչ պետք է անեն։

- Ներողություն, բայց ձեր ուզելուն ո՞վ է նայում, հիմա եթե համաձայնություն է տրվում գործընթացին, դուք ի՞նչ կարող եք անել։

- Մեզ համար անընդունելի է։ Մենք երբեք Ադրբեջանի կազմում չենք լինի՝ անկախ ամեն ինչից։ Հետեւաբար, ոչ ոք չի կարող մեզ պարտադրել նման որոշում, հակառակ դեպքում դա երկու ճանապարհ կթողնի՝ կա՛մ նոր լայնածավալ պատերազմ, արյուն, կա՛մ Արցախի բնակչությունն ազգովի դուրս կգա Արցախից։ Դժբախտաբար, Ադրբեջանը փորձում է պարտադրել իր կամքը, բայց դուք գիտեք նաեւ արցախցիների հաստակողությունը՝ մենք չենք ընդունելու դա՝ անկախ նրանից, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել, դուրս ենք գալու այս վիճակից։

- Արցախը, ցավալիորեն, որոշումներ կայացնելու մանդատից զրկված է, Նիկոլ Փաշինյանն է ի պաշտոնե որոշելու հիմա: Համաձայնել վերոնշյալ գործընթացին, նշանակո՞ւմ է արդյոք փակել Արցախի հարցը։

- Նորից եմ կրկնում՝ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, ի՞նչ պետք է անի աշխարհը, եթե մեզ համար ընդունելի չէ, կոտորելո՞ւ է մեզ, դրա համար եմ կրկնում, որ դա բացառապես մեզնից է կախված։

- Եկեք հստակեցնենք՝ դուք նկատի ունեք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացին Փաշինյանը համաձայնություն չի՞ տա, փաստաթուղթ չի՞ ստորագրվի, թե՞ դա կապ չունի Արցախի կարգավիճակի  հետ։

- Փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու հարցը ճիշտ կլինի պատկան մարմիններից ճշտեք, բայց այդ հարցը, կարծում եմ, երկար գործընթաց է։ Անկախ ամեն ինչից, կրկնում եմ՝ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, եւ մենք երբեք չենք հրաժարվելու դեօկուպացիայից, մեր պատմական հողերից։ Շուշին եղել է, կա եւ կմնա մերը՝ մեր հոգիներում, մեր սրտերում, մի օր էլ, Աստված մեծ է, եթե արժանի լինենք, կստանանք այն, ինչին արժանի ենք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a8364241b60554706a160e0011807bb6? fbclid=IwAR39zgxvf0ub24wV35zPDYoLLx9kZcONVtPK6gdL8K5Z-xr8zmfZQP0QivU

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Más leídas