SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Sábado 20 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հայտարարություն
ՀԲԸՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՔԻՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ
22 de Junio de 2021

22 հունիս 2021թ.


2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակով Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի  հանրապետության օրինականորեն ընտրված վարչապետ: ՀԲԸՄ-ն այս առթիվ իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝  անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին:

Սա, անկասկած, կարևորագույն ժամանակաշրջան է, որը հիմքեր է դնելու անկախ հայկական պետության տևական գոյատևման համար: Մենք հավատացած ենք, որ հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: Ժամանակն է զորավիգ լինելու Հայաստանի ապագայի միասնական տեսլականին՝ որպես հրատապ առաջնահերթություն սահմանելով երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

Մենք ամենայն հարգանքով հորդորում ենք ներկա ղեկավարությանը ակտիվորեն ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին, այդ թվում՝ թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության՝ ընդգրկելով նաև աշխարհատարած հայկական սփյուռքը: Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է լծվի ճիշտ ձևով անհրաժեշտ հաստատությունների կառուցման ու կայացման գործին: Առաջ ընթանալու համար պահանջվում է ունենալ  միասնականություն, որտեղ կառավարությունը կողջունի Հայաստանի և սփյուռքի մասնագետների և տաղանդավոր մարդկանց մասնակցությունն ավելի պայծառ ապագայի կերտման հստակ ճանապարհային քարտեզի մշակման գործում:

Համայն հայությունը դերակատարություն ունի ապաքինման և վերակառուցման այս գործընթացում: Որպես աշխարհում ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ունի 115-ամյա ներկայություն հայրենիքում, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու հաղթահարել խորը համազգային ցավը: Եվ մենք գիտակցում ենք հույսն ու դիմացկունությունը վերականգնելու կարևորությունը, քանզի մեր ժողովուրդն առերեսվում է չափազանց իրական մտահոգությունների՝ կապված սոցիալ-տնտեսական հեռանկարների, առողջության, անվտանգության և, իհարկե, այս անկայուն աշխարհում իր զավակների ապագայի հետ:

Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք սփյուռքի անկեղծ ու անսահման նվիրվածությունը հայրենի պետականությանն աջակցելու գործում, և վստահ ենք, որ այս նվիրումը շարունակվելու է, քանի որ Հայաստանը շարունակում է լինել մեր հպարտությունն ու մեր ինքնության երաշխավորը:

Եկեք վերակերտենք մեր ազգը՝ վեր հանելով և հարգելով միմյանց տաղանդներն ու ուժեղ կողմերը և դրանք օգտագործենք արդյունավետ ձևով: Դա մեր պարտքն է գալիք սերնդի և այն մարդկանց հանդեպ, որոնք գնացին գերագույն զոհաբերության՝ հանուն մեր ժողովրդի ազատության և արդարության:

 

Միությունը զորություն է:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին և Նյու Յորքում գտնվող գլխամասային գրասենյակով՝ ՀԲԸՄ-ն կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել  www.agbu.org  կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք  www.agbu.am  կայքէջ:

 

 

 
Más leídas