SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Lunes 29 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Սնունդ ու անկողնային պարագաներ
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
28 de Marzo de 2021

 Սնունդ ու անկողնային պարագաներ արցախցիների կողմից արցախցիների համար

Հադրութից ու Շուշիից տեղահանված շուրջ չորս հարյուր արցախցի, ովքեր պատերազմի օրերից ապաստանել են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր և Գոլդեն Փելես հյուրանոցներում, փորձում են վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: Ընտանիքներն անհամբերությամբ սպասում են իրենց բնակարանային հարցի կարգավորմանը, բայց բաց չեն թողնում նաև որևէ կերպ զբաղված լինելու առիթը: Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի ծառությունից օգտվում են հենց տեղում, իսկ դպրոցականները հաճախում են մոտակա կրթական հաստատություններ: Կանայք ու տղամարդիկ էլ հերթափոխով և շաբաթվա համար հատուկ մշակված ճաշացանկով հանձն են առել սննդի պատրաստման ու սպասարկման գործառույթը: Պահեստներում ամբարված մթերքը ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

«Յուրաքանչյուր շաբաթվա համար ունենք հաստատված մենյու, օրվա պատասխանատուն բաշխում է սննդամթերքը, իսկ հերթապահներն անցնում են նախաճաշի, ճաշի ու ընթրիքի պատրաստմանը»,-ասաց Հադրութի բնակիչ Սուսաննա Առուստամյանը:

Արցախցիներից մի մասի զբաղվածության հարցն էլ լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հյուրանոցների տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի: Նրանք նախ անցել են վերապատրաստում, ապա սկսել աշխատանքը նորաբաց արտադրամասում, որտեղ բարձ, վերմակ և անկողնային այլ պարագաներ են կարում արցախցի մյուս ընտանիքների համար: Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, որը մինչ այժմ ձմեռային անկողնային հավաքածուներ է տրամադրում պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներին:

 «Փրոջեքթ Հոփ Արմենիա» ՀԿ-ի մարքեթինգի մասնագետ Ջուլիետա Նիկողոսյանի խոսքով՝ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, այս պահին պատրաստում են անկողնային պարագաների երկրորդ խմբաքանակը: «Արցախցիները բաժանվեցին խմբերի, մենք նրանց սովորեցրեցինք կար ու ձև, իհարկե, բոլոր նրանց, ովքեր ցանկացան: Մի քանի ամսվա ընթացքում նրանք այնքան են հմտացել, որ կարողանում են ընդունել կարի հետ կապված ցանկացած պատվեր՝ մեկանգամյա հողաթափերից սկսած մինչև խալաթներ և անկողնային պարագաներ»,-նշեց Ջուլիետա Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում շուրջ 13 արցախցի սպասում է դասընթացների իր հերթին, որից հետո կանցնի աշխատանքի: 

Վերջերս մասնագիտացել են նաև անթև բաճկոնների արտադրության գործում: Առաջիկայում էլ նախատեսում են ընդլայնել գործունեությունն ու կաշվե իրերի արտադրություն հիմնել՝ հավելյալ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար՝ զարգացնելով նաև նրանց միջին մասնագիտական հմտությունները:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Más leídas