SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մայրենի լեզվի օր
Հրանուշ Հակոբյան
21 de Febrero de 2021
Սրբորեն պահենք մայրենին՝ մեր ազգային ինքնության և լինելիության երաշխիքը
«Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ և մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով և խանդաւառութեամբ։ Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք»։
 
Զապել Եսայան
 
Պառլամենտում առանձնահատուկ զգացում եմ ունեցել 2005 թվականին՝ Մայրենի լեզվի օրվան նվիրված օրենքի նախագիծը ներկայացնելիս, ինչի արդյունքում Հայոց պետական տոնացույցում փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի օր:
 
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ ժողովրդի հոգևոր զենքը՝ մեր ոսկեղենիկ այբուբենը, որի յուրաքանչյուր տառ անպարտ զինվոր է։ Մաշտոցյան բանակն անցել է արհավիրքների, պատերազմների, կորուստների և վերելքների միջով, հայերեն է դարձրել մեր դարերը և հասել 21-րդ դար, ուստի մենք պարտավոր ենք անաղարտ պահել այն, սովորել, օգտագործել, զարգացնել, տարածել և փոխանցել սերնդե-սերունդ:
 
Մայրենին ազգի գոյության, մեր ինքնության հիմքն է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Պահպանենք, սրբացնենք հայոց լեզուն՝ որպես ազգի ամբողջության և հավերժության երաշխավորի։
 
Հայոց լեզուն հայկական յուրահատուկ մշակույթի ստեղծման փառահեղ միջոց է։ Հայ մտքի ու աշխարհընկալման, ստեղծագործական աստվածատուր ձիրքի փայլատակումները ոգի են առել հայոց քաղցրահունչ բարբառով, ապա մարմին առել մեսրոպյան սուրբ գրերով, դարձել ձեռագիր մատյան ու տպագիր գիրք, գիտելիք ու արվեստ, համամարդկային մշակութային ժառանգության հիմնամաս ու սյուն։ Բանավոր ու գրավոր մշակույթի բոլոր կոթողներում հայերենը կատարյալ է։ Մեր մայրենին պարզ ու անմիջական է Գողթան երգերում ու էպոսում, շքեղ ու կանոնավոր՝ Խորենացու և Նարեկացու ձեռագիր մատյաններում, ճկուն ու բազմաշերտ՝ Շիրակացու և Հերացու գործերում, հուզական ու սիրառատ՝ Քուչակի ու Սայաթ Նովայի քերթվածքներում, հզոր ու առնական՝ Վարուժանի ու Չարենցի երկերում… Իր բոլոր դրսևորումներով հայոց լեզուն մշակութային մեծագույն արժեք է, հազարամյակների ընթացքում սերունդների մտավոր արարումի արդյունք ու գանձարան, հայոց լինելիության միջնաբերդ։
 
Հայոց լեզուն հայի էության ամենավառ դրսևորումն է, որն իր դրսևորումներով հարազատության ու մտերմության թրթիռներ է պարգևում հոգուն։ Բոլորիս է հայտնի, թե ինչ ոգևորություն է առաջացնում օտար միջավայրում հանկարծ լսված հայերեն խոսքը, և ինչ հրճվանք ու ցնծություն է ապրում օտար ափերից հայրենիք եկած հայը՝ ամենուր ականջալուր լինելով մայրենի բառուբանին։
 
Ավաղ, Հայոց ցեղասպանության հետևանքով նաև Հայոց լեզուն երկատվեց, աղավաղվեց, բուն հայրենի միջավայից արմատախիլ եղավ, շատ բարբառներ անհետացան, իսկ արևմտահայերենը վտանգվեց։
 
Իր պատմության բոլոր ժամանակներում Հայոց լեզուն հայակերտման ու ազգի համախմբման հետ միասին, ունեցել է և ունի հայապահպան առաքելություն՝ հատկապես Սփյուռքում, ուստի եկեք ջանք ու եռանդ չխնայենք մայրենի լեզվի իմացությունը, պահպանումն ու զարգացումն ապահովելու համար, եկե՛ք անաղարտ պահենք մեր ոսկեղենիկ լեզուն, սիրե՛նք մայրենին իբրև սրբության սրբոց, իբրև մեր լինելիության և ազգային ինքնության անփոխարինելի ու անօտարելի վկայություն։
 
Եվ ինչպես մեծերն են բանաձևել՝
 
«Մեր լեզուն մեր Հայրենիքն է»․ Ավետիք Իսահակյան,
 
«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն․․․»․ Մուշեղ Իշխան,
 
«Մեր լեզուն արյունն է մեր․․․»․ Համո Սահյան
 
«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»․ Ջորջ Բայրոն
 
Հրանուշ Հակոբյան
Más leídas