SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 19 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - ՌԱԿ ՇԻՐԱԿ
100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ
04 de Febrero de 2021

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿ ՏՐՎԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ

Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում հունվարի 27-ը նշանակալի օր էր։ 1950թ. այս օրն է ծնվել բանաստեղծուհի, պատմվածագիր ՌԱԿ անդամ Ամալյա Կարսյանը, ով կյանքի ընթացքում ընթերցողին թողեց երեք բանաստեղծական ժողովածուներ։ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության և Շիրակի շրջանակի նախաձեռնությամբ  Ամալյա Կարսյանի ծննդյան օրը կազմակերպվեց նրա հուշ-ցերեկույթը և իր հեղինակած «Հայրական խնձորենին» գրքի շնորհանդեսը։

Սրանով մեկնարկ տրվեց ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, հոբելյան, որի եզրափակիչ ակորդը կտրվի մայրաքաղաք Երևանում՝ 2021թ. հոկտեմբերի 1-ին:

Գիրքը տպագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆինանսավորմամբ՝ «Դպիր» հրատարակչության  խնդրանքով։

Միջոցառման բացմանը ՌԱԿ ԿՎ անդամ, Շիրակի շրջանակի ատենապետ ընկեր Հովիկ Կարապետյանի առաջարկությամբ ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020թ. 44-օրյա պատերազմում նահատակված ՌԱԿ Արմավիրի ակումբի անդամ Գևորգ Արշակյանի, մեր զինվորների և սպաների, կամավորների և զորակոչվածների հիշատակը, իսկ ՌԱԿ անդամներ Վաղարշակ Ասատրյանը և Գուրգեն Թումանյանը Կենտրոնական Վարչության որոշմամբ պարգևատրվեցին կուսակցության հուշամեդալներով՝ պատերազմին մասնակցելու և հայրենիքի համար անձնվիրաբար կռվելու համար։

Ամալյա Կարսյանի ոգեկոչման կարգով և Տերունական աղոթքով հոգևոր խոսք ասաց ՀԱԵ Շիրակի թեմի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը։

Գրասենյակում բանաստեղծուհու շունչն էր, համակարգիչների էկրաններին Ամալյա Կարսյանի նկարներն էին ու տեսանյութերը, որոնցում բանաստեղծուհին խոսում ու ժպտում է, իսկ սեղանին՝ զամբյուղի մեջ, Կարսյանի «հայրական խնձորենու» կարմիր խնձորներն էին, որոնք բաժանվեցին բոլոր ներկաներին։

Գիրքը ներկայացրեց արձակագիր, ՌԱԿ անդամ Շնորհիկ Շահինյանը, ով նաև «Հայրական խնձորենին» գրքի խմբագիրն է, իսկ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Կարինե Մարտիրոսյանը գրաքննադատորեն վերլուծեց պատմվածքների ժողովածուն՝ բարձր գնահատելով նրա գեղարվեստական արժեքը:

 «Դպիր»-ի տնօրենը ներկայացրեց հրատարակչական խմբագրակազմին, ձևավորման աշխատանքների մասին խոսեց գրքի երիտասարդ ձևավորող նկարչուհի Նարինե Ալեքսանյանը:

Խոսքով հանդես եկան Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, հեղինակի գրչակից և ՌԱԿ ընկերները, ուսանող-ընթերցողներ, Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը։

Հուշեր պատմեցին թարգմանիչ, դրամատուրգ Արա Գևորգյանը, ով ռուսերեն է թարգմանել և հրատարակել Կարսյանի գործերը, բանաստեղծ Սամվել Մարգարյանը, նկարչուհի, բանաստեղծուհու մտերիմ ընկերուհի Կարինե Փանոսյանը:

Բոլորն էլ իրենց հուշերով, գնահատանքի խոսքերով ստեղծում էին այնպիսի միջավայր, երբ թվում էր, թե ներկա է նաև հենց ինքը հեղինակը՝ իր խորը հոգով, բարի էությամբ և փայլուն մտքով։

Այս ամենը ամբողջանում էր Կարսյանի պատմվածքների ընթերցումների ուղեկցմամբ։ Գրքից հուզիչ ու գողտրիկ պատմվածքներ ներկայացրին բանասերներ, ռադիոհաղորդավարուհիներ Անահիտ Սարգսյանը և Տաթև Պետրոսյանը, ովքեր նաև գրքի սրբագրիչներն են, դերասանուհի Սոնա Խդրյանը։

Կարսյանի տողերը մեջընդմեջ ձուլվում էին երաժշտությանը, որ կատարում էին և երգչուհի քույրեր Սոնա և Շուշանիկ Զառաֆյանները կիթառահարուհի Սոնայի նվագակցությամբ։ «Սարերի հովին մեռնեմ» երգը հուզեց բոլորին, հատկապես բանաստեղծուհու մտերիմ ընկերուհուն՝ Կարինե Փանոսյանին, ով իր խոսքում մեջբերեց երգի մի տողը՝ «լցվել եմ, լալ չեմ կարող», և իսկապես բոլոր ներկաները, ովքեր ճանաչել էին Ամալյա Կարսյանին, ավելի քան երբևէ զգում էին նրա կարոտը և դրա հետ մեկտեղ նրա ներկայությունը։

Գրքի շնորհանդեսը ավարտվեց գինեձոնի սեղանի շուրջ։ Գրչակից ընկերները մի բաժակ գինով շնորհավորեցին «խենթ» բանաստեղծուհու ծննդյան օրը և նրա գրքի շնորհանդեսի կայացումը։

ՌԱԿ Շիրակի շրջանակը ծրագրել է նաև գրքի բարեգործական վաճառքի հասույթով նպաստել Ամալյայի շիրիմի հարդարմանը:

 

Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդ նորագիրների երդմնակալություն՝ ….« նվիրվել ազգին և հայրենիքի սուրբ դատին»: Երդմնարարն էր ԿՎ անդամ ընկեր Հովիկ Կարապետյանը:

 

ՌԱԿ Շիրակի շրջանակի ատենադպիր՝  Նաիրա Հովսեփյան

Más leídas