SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 19 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Սոնա Մարտիրոսյան, Երևան
իրականությունը թաքցնող առասպելները
25 de Enero de 2021

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հասարակությունում վերլուծությունների փուլ է սկսվել։ Լրագրողները, փորձագետները իրենց վարկածներն են առաջ բերում, փորձում են պատասխանել «ի՞նչ կատարվեց» և «ինչո՞ւ» հարցերին։

Վերլուծաբան, ղարաբաղյան հակամարտության հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ 44 օր տևած աղետալի պատերազմում վախճանվեց հայկական հասարակությունում արմատացած հինգ առասպել։ Դրանց գոյությունը և պաշտոնական մակարդակով քարոզչությունը բթացրել էր հասարակության  զգոնությունը, ասում է լրագրողը:

Պարտության տանող առաջին միֆը վերաբերում է ստատուս-քվոյի հավերժականությանը.

«Ստատուս-քվոն պահպանելու առաջին փորձությունը 2016 թ.-ի ապրիլին էր: Թվում է, Ադրբեջանը փորձում էր ստուգել առաջնագծի ամրությունը: Թեև լուրջ հաջողության չհասավ՝ գրավելով մի քանի հարյուր հեկտար միայն ու մոտ երկու տասնյակ հենակետեր, սակայն պարզ դարձավ, որ հայկական պաշտպանական գիծը անանցանելի չէ:

2020-ի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերին ադրբեջանական կողմը կարողացավ պատռել Հորադիզի ուղղությունը: Եթե մինչև Խուդաֆերինի ջրամբար հայկական ուժերը ծանրագույն կորուստներով կարողացան պաշտպանական մարտեր մղել, ապա ջրամբարից մինչև Մեղրիի սահմանի 50 կմ տարածությունը հակառակորդն անցավ մի քանի ժամերի ընթացքում՝ չհանդիպելով դիմադրության»:

Երկրորդ միֆը վերաբերում է հայկական բանակի անպարտելիությանը.

«Աշխարհում անպարտելի բանակներ չկան ու չեն եղել: Հայկական բանակի անպարտելիության միֆը ծնվել է 1991-1994 թթ. հաղթանակից հետո, մի պատերազմ, որը հաղթել է ոչ թե կանոնավոր բանակը, այլ կամավորական շարժման շնորհիվ ձևավորված բազմաթիվ խմբավորումներից կազմված ռազմական միավորումը:

Այդ հաղթանակը հնարավոր է եղել կերտել բազմաթիվ հանգամանքների, այդ թվում՝ հայ ազատամարտիկի ու արցախցի գյուղացու քաջագործության, բայց նաև՝ Ադրբեջանում այդ տարիների ներքաղաքական քաոսի և իշխանակռվի բերումով:

Եթե անգամ ընդունենք, որ հայկական բանակն անպարտելի է, պետք է հաշվի նստել մի շարք օբյեկտիվ գործոնների հետ․ 

  • անհնար էր հաղթել Ադրբեջանին ու նրան աջակցող Թուրքիային ու ջիհադիստական խմբավորումներին, քանի որ, փաստացի՝ 20-րդ դարի բանակը կռվում էր 21-րդ դարի բանակի դեմ,
  • 3 միլիոնանոց Հայաստանը/Արցախը կռվում էր 10 միլիոնանոց Ադրբեջանի ու նրան աջակցող 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ։

Այս պատերազմում հայկական կողմը պարտվեց, որովհետև ուժերն անհավասար էին։ Ադրբեջանը՝ Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և իսրայելական դրոնների օգնությամբ կարողացավ հարձակման հենց առաջին օրերից հասնել առավելության և այն պահպանեց մինչև այն պահը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Սա է հիմնական պատճառը՝ զինուժով, մարդուժով, ղեկավարության պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ հայկական կողմը զիջեց Ադրբեջանին: Սա է դառը ճշմարտությունը, թեև արդեն տարբեր շրջանակներ սկսել են քաղցր ստեր տարածել, մեղավորներ ու դավաճաններ փնտրել: Կռվից հետո բռունցքներ չեն թափահարում, այլ լուռ, արժանապատվորեն ընդունում են պարտությունը, վերլուծում և փորձում դասեր քաղել»:

Երրորդ միֆը, ըստ էության, ձևակերպված էր հայկական նոր ռազմական դոկտրինում՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ».

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ հոխորտանքը շրջանառության մեջ դրեց այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խրամատում կռվող հայ զինվորը, աշխարհազորն ու պահեստազորը քմծիծաղով ասում էին, թե Տոնոյանը, այնուամենայնիվ, ճիշտ դուրս եկավ, պարզապես երկրների անուններն է պետք փոխել: Նոր պատերազմում Ադրբեջանը նոր տարածքներ գրավեց՝ ավելի քան 8000 քառակուսի կիլոմետր»:

Չորրորդ առասպելը վերաբերում էր հակառակորդի մասին ունեցած պատկերացումներին․ «Ադրբեջանը պատերազմ չի սկսի»:

«Չնայած այն հանգամանքին, որ այս միֆը որոշ չափով մեղմեց 2016-ի Ապրիլյան պատերազմը, այն շարունակում էր շրջանառվել ու բթացնել հայերի զգոնությունը։

Իրականում, պատերազմն անխուսափելի էր, և կարևոր էր դա գիտակցել ու համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չարվեց: Ավելին, այս աղետալի պատերազմից խուսափել հնարավոր էր, եթե 1997 թ.-ի աշնանը գնայինք փուլային լուծման, որի դեպքում ունենալու էինք ԼՂԻՄ-ը և Լաչինի ամբողջ շրջանը, այսինքն՝ ավելի քան 6000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ՝ ձայնի ու վետոյի իրավունքով։

Այսինքն՝ կրկնակին, քան ունենք այսօր: Մենք էինք այն ժամանակ տոն տվողն ու հաղթողը, իսկ այսօր մենք ընդամենը գլխիկոր ստորագրել ենք մեր առջև դրված փաստաթուղթը և ընդունել Ադրբեջանի բոլոր կամ գրեթե բոլոր պայմանները:

Հնարավոր էր խուսափել, եթե 1998-ին Վազգեն Սարգսյանը [այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար], Ռոբերտ Քոչարյանը [Հայաստանի վարչապետ], Սերժ Սարգսյանը [Հայաստանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար] ու Սամվել Բաբայանը [ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար] չիրականացնեին պալատական հեղաշրջում և Արցախը փրկելու անվան տակ չտիրանային Հայաստանի իշխանությանը:

Հնարավոր էր, եթե այժմ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ դիվանագիտությունը, ռազմա-քաղաքական ղեկավարությունը ճիշտ գնահատեին սեփական ուժերը»:

Հինգերորդ միֆը վերաբերում է տնտեսական կայունությանը Հայաստանը կարող է զարգանալ փակ սահմաններով և չզիջելով

«Այս միֆը շրջանառում էին ոչ միայն անհատներ, այլ քաղաքական ուժեր՝ դարձնելով նախընտրական քարոզարշավի մաս: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է»։

Վերջաբան․

«Հայրենական այս պատերազմում եղել են քաջագործության, նվիրումի ու հերոսության բազմաթիվ դեպքեր՝ 18 տարեկան զինվորից մինչև պահեստազոր ու սպայական կազմ, սակայն, որպես վերջնարդյունք, հայկական կողմը պարտվել է:

44 օրերի ընթացքում հայկական կողմը տարածքային առումով կորցրել է Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը, Ղուբաթլուն, Լաչինի մի մասը, ինչպես նաև՝ Հադրութն ու Շուշին նախկին ԼՂԻՄ տարածքում։

Եվս երեք շրջան՝ Աղդամը, Քարվաճառը և Լաչինը, Ադրբեջանը հետ է ստացել՝ համաձայն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթղթի: Մարդկային կորուստներն անչափելի են: Սա ազգային ողբերգություն է և ազգային աղետ: Ավելին, սա վերջին 100 տարիների մեր երկրորդ ամենամեծ պարտությունն է և ազգային ողբերգությունը՝ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում Կարսի կորստից հետո:

Այն ժամանակ ՀՀ-ն, որտեղ իշխանության էր ՀՅԴ-ն, կորցրեց Հայրենիքի տարածքից մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր: Կարճ ժամանակ անց ՀՀ-ն նաև խորհրդայնացվեց և կորցրեց անկախությունը:

Այսօր Արցախն ու Հայաստանը, որտեղ իշխանության է «Իմ քայլը»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, կորցրեց շուրջ 8 հազար կմ² հող, որը հայ ժողովուրդը 1991-1994 թթ.-ին նվաճել էր՝ պատերազմի 1000 օրերի ընթացքում՝ տալով 6000 զոհ։

Մենք մեր չափը ճիշտ չճանաչեցինք: Մենք առաջնորդվեցինք ոչ թե մեր հնարավորությունների, այլ ցանկությունների սահմաններով և ստացանք հերթական աղետը»:

Más leídas